Ի՞նչ է արվեստը, ի՞նչն է համարվում արվեստ, ո՞րն է այդ բառի հոմանիշը: Ասում են` դա կոչում է՝ վերուստ տրված, բայց դրա բարձունքների նվաճման համար պետք է աշխատել, տքնել, փնտրել ու պայքարել ողջ կյանքի ընթացքում: Կամք, հավասարակշռություն, նպատակասլացություն, գեղեցիկը տեսնելու կարողություն. սրանք մարդկային այնպիսի հատկանիշներ են, որոնք ձևավորվում են տարիների ընթացքում և մեծ ջանքերի շնորհիվ միայն դառնում մարդու «եսի» մի մասնիկը: Իսկ ինչպե՞ս է ընկալում արվեստը երեխան, որն ուղղակի դեռ ժամանակ չի ունեցել կուտակելու նման փորձ:
Այս հարցի պատասխանը կարելի է տեսնել Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան №51 հիմնական դպրոցի 8-րդ ա դասարանի աշակերտուհի, տասներեքամյա դաշնակահարուհի Լաուրա Գալստյանի մեջ, ով իր այսքան մատաղ տարիքում արդեն հասցրել է դառնալ միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր:
Լաուրան նվագել սկսել է յոթ տարեկանից: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ Հասմիկ Անչառակյանի դասարանում: Այժմ կրթությունը շարունակում է Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում: 2012-13 թթ. վարպետության դասեր է առել Յուրա Մարգուլիսից և մոտ մեկուկես տարի է, ինչ դաշնամուրի դասեր է ստանում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մոտ: Առաջին բեմելը եղել է ութ տարեկանում, մանկական դաշնամուրային եռյակի կազմում՝ Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: ՈՒնեցել է երկու մենահամերգ, առաջինը՝ 2016 թ. ապրիլին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում, երկրորդը՝ բոլորովին վերջերս՝ 2017 թ. փետրվարի 7-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Լաուրան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, մասնավորապես. «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոն (2-րդ մրցանակ, 2013 թ.), «Playing for change» դասական երաժշտության փառատոն (2-րդ մրցանակ, 2014 թ.), «Արտ Մյուզիք» 6-րդ մրցույթ-փառատոն (2-րդ մրցանակ, 2015 թ.), երիտասարդ դաշնակահարների՝ Առնո Բաբաջանյանի անվան միջազգային 3-րդ մրցույթ (3-րդ մրցանակ, 2015 թ.), «Հնչում է Երևանը» 8-րդ մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2015 թ.): Լաուրայի անունը տեղ է գտել «խցփՔՌպ սþՊՌ» միջազգային հանրագիտարանի «Լավագույնները կրթության ոլորտում» բաժնում, 2016 թ., ինչպես նաև վերջերս Իտալիայում կայացած «On stage» երաժշտական միջազգային մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: 2017-ի աշնանը նախատեսվում է ևս մեկ մենահամերգ «Նոր սերունդ» ծրագրի շրջանակներում, նաև մասնակցություն ապրիլին Հռոմում կայանալիք դաշնակահարների ամենամյա միջազգային մրցույթին:
Լաուրայի նվագացանկը բավականին լայն է. Բախ, Մոցարտ, Շուման, Շոպեն, Ռավել, Դեբյուսի, Ռախմանինով, Պրոկոֆև, Բաբաջանյան, ինչպես նաև ժամանակակից հեղինակներ՝ Գ. Կուրտագ, Հ. Կոուել, Հ. Մելիքյան և այլն:
«Կարծում եմ՝ ցանկացած կատարող երաժիշտ պետք է ունենա իրեն բնորոշող այն փունջը, որը պետք է անբաժան լինի իրենից՝ իր բեմի վրա: Երաժշտականություն, կատարողական բարձր պատրաստվածություն, բեմական հմայք, արտիստիզմ, աշխատասիրություն... Ահա սա է Լաուրայի փունջը»,- իր աշակերտուհու մասին այսպես է արտահայտվում Հայկ Մելիքյանը և համոզմունք հայտնում, որ մենք դեռ առիթներ կունենանք ականատեսն ու ունկնդիրը լինելու նրա բեմական նորանոր փայլատակումների:
Մարիամ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ